ՌԴ Դաշնության խորհրդում քննարկվում է ԱՄՆ ֆիննախի «Կրեմլյան զեկույցի» պատասխանը: РБК-ն հունվարի 31-ին հաղորդել է, որ պատասխանը կարող է դառնալ օրինագիծը, որը սահմանելու է «երկրի ինքնիշխանությանը միջամտությունը»: Նոր օրինագիծը մշակում է Դաշնության խորհրդի ՌԴ ներքին գործերին միջամտությունը կանխելու նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը: Նախաձեռնության համահեղինակ Լյուդմիլա Բոկովան РБК-ին ասել է, որ սենատորները «ելակետ են ընդունում աշխարհի հայելայնությունը»: Օրինագիծը սահմանելու է «ինքնիշխանություն» և «միջամտություն ներքին գործերին» հասկացությունները: «Ռեգիոնալ նախագծերի և օրենսդրության ինստիտուտ» հիմնադրամի նախագահ Բորիս Նադեժդինը РБК-ին պատմել է, որ «ինքնիշխանությունը» որակվելու է որպես «պետության լիիշխանություն երկրի ներսում», իսկ «միջամտությունը»` «միջազգային իրավունքի ու միջազգային պայմանագրերի վրա չհիմնված, անօրինական փորձեր` ազդելու պետական մարմինների որոշումների վրա»: ՈՒ՞մ վրա է տարածվելու նոր օրենքը և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու խախտումների դեպքում` հայտնի չէ: Պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովը ստեղծվել է 2017-ի հունիսին: Այդ հանձնաժողովի առաջարկով է ընդունվել արտասահմանյան գործակալ ԶԼՄ-ների մասին օրենքը:
Հ.Գ. Թեպետ ԱՄՆ ֆիննախի 210 անուններով «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ պատասխան քայլեր դեռ չեն լինի` կսպասեն Կոնգրեսի արձագանքին, Ռուսաստանում վստահ են, թե ինչ որոշում կընդունի Կոնգրեսը և ընտրել են ոչ թե համարժեք անունների ցանկ պատրաստելու, այլ ընդհանրապես նման պատժամիջոցներն անօրինական հայտարարելու ճանապարհը: Բացի օրենսդրական քայլերից` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի, Իրանի միջուկային պայմանագրի ու Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համագործակցությունը ավելի դժվար է դառնում: Գուցե սա ոչ թե հետևանքն է, այլ բուն պատճա՞ռը «Կրեմլյան ցուցակի» ի հայտ գալու` առանց պատժամիջոցների:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ